Մատչելիության հղումներ

Սահմանազատման գործընթացը մեկնարկե՞լ է, թե՞ տեղի ունեցողը նախնական է․ հակասություններ պաշտոնական հայտարարություններում


 Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյունը, 23-ը ապրիլի, 2024թ․
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյունը, 23-ը ապրիլի, 2024թ․

«Սահմանի գիծը գուլպա չի, որ ամեն օր փոխես»

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ Արդարադատության նախարարության պարզաբանումն է մոլորեցնող համարում։

«Սա հնարավորություն է թողնում Նիկոլ Փաշինյանին և իր թիմին երկրի ներսում մանևրելու, մարդկանց մոլորեցնելու։ Իրենք փորձում են սրանով ասել՝ «դե լավ, դե ինչ եք անում, լավ չի լինի կփոխենք»։ Սահմանի գիծը գուլպա չի, որ ամեն օր փոխես», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Արդարադատության նախարարությունը երեկ ծավալուն հաղորդագրություն էր տարածել, ինչպես ձևակեպել էին, հասարակությանը մոլորեցնող թեզերին ի պատասխան։

Նախկին օմբուդսմեն, այս օրերին հայ-ադրբեջանական սահմանազատումը հակաիրավական համարող Արման Թաթոյանը նաև կարծում է՝ Արդարադատության նախարարության երեկվա ձևակերպումը հակասում է 4 գյուղերի հատվածում սահմանազատում սկսելու մասին Արտգործնախարարության՝ ապիլի 19-ի հայտարարությանը։

Հենց Արտգործնախարության տարածած հայտարարությանը հղում անելով Արդարադատության նախարարությունը հայտարարեց՝ «4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը»:

Իսկ Արտգործնախարարության հայտարարության մեջ ոչ միայն նախնական սահմանազատում ձևակերպում չէր օգտագործվել, այլև՝ հայտարարել էին՝ այդ հատվածները կնկարագրվեն մինչև մայիսի 15-ը ստորագրվելիք արձանագրությունում ու դրանից հետո այլևս կհամարվեն սահմանազատված։

«Չգիտես որտեղից են վերցրել նախնական սահմանազատում բառը»

Եթե մի պետական մարմին ասում է, որ սկսվել է սահմանազատման գործընթաց, ինչպե՞ս է մյուսը պնդում, թե տեղի ունեցողը նախնական է, հարցնում է Թաթոյանը։

«Սա հնարավորություն է տալիս նաև Ադրբեջանին կոնկրետ իրավիճակում կողմնորոշվելու ըստ իր շահերի․ եթե իրեն ձեռնտու չեղավ, կարող է ասել՝ Հայաստանը սահմանազատում չի իրականացնում, Արդարադատության նախարարության այս հաղորդագրությունը վկայակոչել։ Չգիտես որտեղից են վերցրել նախնական սահմանազատում բառը, ասում են նախնական սահմանազատում, և/կամ կարող են ասել, որ արդեն վերջ՝ ավարտել ենք, մեր զորքերն եկել նստել են և հիմա վերահսկում են ամբողջն, ինչ ունենք», - ասաց Թաթոյանը։

«Արդարադատության նախարարության պատասխանը վտանգավոր սողանցքներ չի պարունակում»

Իշխանական ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը մինչդեռ կարծում է՝ Արդարադատության նախարարության պատասխանը վտանգավոր սողանցքներ չի պարունակում։

«Մենք գնում ենք տեղում կոորդինատներով սյուները տեղադրում ենք, հետո այդ սյուների արանք գոյություն ունի, այդտեղ արձանագրություն է կազմվում երկկողմ, նկարագրվում է, թե սահմանը որտեղով է անցնում և այլն, և հենց այդ արձանագրությունները ստորագրվեցին, մենք ֆիքսում ենք, որ այդքան հատվածում այլևս ունենք սահմանազատված տարածք և շարժվում ենք առաջ։ Արդեն դրանից հետո կլինեն, բնականաբար, իրավական գործընթացներ, միգուցե Ազգային ժողովները հաստատեն, միգուցե այլ ընթացակարգեր լինեն։ Անդրադարձ նորից այդ հատվածներին հնարավոր է իրավական տեսանկյունից լինի՝ դրա հաստատման տեսանկյունից անդրադարձ, բայց նորից անդրադառնալ գծելուն, չի կարող տենց բան լինի», - ասաց Հովհաննիսյանը։

Հակասություններ կան նաև իշխանական պատգամավորի պարզաբանումներում

Ճշտող հարցին, թե այս հայտարարությունը տեղ չի թողնո՞ւմ, որ Ադրբեջանը միշտ կարող է ասել՝ «մտածում եմ, էս մասով պետք է անցի», Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Չէ՛, գլխավորը մենք ֆիքսել ենք սկզբունք՝ Ալմա-Աթան և դրանից բխեցնելով որևէ մեկը չի կարող գալ ասել՝ ես ուզում եմ, պետք է սենց անցնի, կամ ուժի կիրառմամբ փորձել սենց անցկացնել։ Կա սկզբունք, որ Խորհրդային Միության սահմանները դառնում են պետական սահմաններ, վերջ»։

Մեկ այլ հարցի, թե տարբեր թվերի քարտեզներ օգտագործելու դեպքում, չի կարո՞ղ հայտնվել այն թվի քարտեզ, որն Ադրբեջանի համար ավելի շահեկան կարող է սահմանազատումը լինել, իշխանական պատգամավորը պատասխանեց․ - «Էս քննարկումների ընթացքում միշտ նման ռիսկեր կան, այսինքն՝ երկկողմ հանձնաժողովներ են, որոնք երկուսն էլ բերում են տարբեր հիմնավորումներ, բնականաբար այդ հիմնավորումներն ուսումնասիրվում են և ամենահիմնավորը՝ լեգիտիմ փաստաթուղթը, դրվում է քարտեզի տակ»։

Իշխանական պատգամավորը և՛ ասում էր, թե 4 ադրբեջանական գյուղերը Բաքվի վերջին փաստարկներն են Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում իրականացնելու համար, և՛ նշում, որ պատերազմից ապահովագրող 100 տոկոսանոց երաշխիքներ չկան։

«Ազատության» հարցին, թե Հայաստանի տարածքները, որն Ադրբեջանն է վերահսկում, օրինակ, նույն Բերքաբերի հողատարքների մասով, ե՞րբ այդ տարածքների սահմանազատումը կլինի և ինչո՞ւ հիմա չեղավ այդ մասով, որ Հայաստանն էլ որևէ բան ստանալիք ունենար, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ամենակարևորը ստեղ այն փաստարկներն են, որոնցով Ադրբեջանը լեգիտիմ իրավունք կարող էր ունենալ Հայաստանի վրա հարձակվելուն, այս պրոցեսից հետո այլևս չկա որևէ կետ, որը հնարավորություն կա Ադրբեջանին Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում գործելու, դրա համար է այս կետից սկսվել։ Իսկ Ջերմուկի, Ներքին Հանդի, Վարդենիսի և այլ հատվածներում, Բերքաբերի նաև, որտեղ ադրբեջանական օկուպացված հողեր կան, մենք պետք է այդ հարցերը հասցեագրենք սահմանազատման գործընթացում։ Այսինքն՝ ֆիքսել ենք Ալմա-Աթան, ուրեմն դա ավտոմատ նշանակում է, որ Ալմա-Աթան տարածվելու է նաև Ջերմուկում, և եթե Ջերմուկի մեր սահմաններն անցնում են կոնկրետ տեղով, այդտեղով էլ անցնելու են այդ սահմանները։ Ինչը մերն է, մերն է մնալու, ինչը մերը չի, մերը չի մնալու։ Այս թեզին հակառակ, երբ որ ընդդիմությունն ասում է, որ «սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը», ընդդիմությունն այդ հայտարարությամբ հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը, Գեղարքունիքից տարածքներ, Սյունիքից տարածքներ»։

Հավհաննիսյանը նաև ասաց, որ այս պահին բացառում է, որ այլ տեղեր կան, որտեղ Ադրբեջանը լեգիտիմ հիմք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու, բացի 4 գյուղերից։

Թաթոյանը կասկածի տակ է դնում սահմանազատման հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերը

Արման Թաթոյանը շարունակում է կասկածի տակ դնել Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանազատման հանձնաժողովի ստեղծման և գործունեության իրավական հիմքերը։

Ըստ նրա՝ քաղաքական նպատակները ընդամենը քողարկվել են իրավական շղարշով. նախատեսված չեն հանձնաժողովի կոնկրետ իրավասությունները, որոշումների ընդունման կարգը, անդամների իրավունքները։

Երեկ հենց նմանատիպ անհանգստություններին պատասխանելով Արդարադատության նախարարությունը հայտարարեց՝ «անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ այն վարչապետից ստացած մանդատով սահմանազատման պայմանավորվածություններ ձեռք բերելու իրավունք ունի»։

«Օրինակ՝ ստեղծում ես մի մարմին, անունը դնում ես դատարն և ասում ես՝ «քանի որ դատ բառը կա, մենք արդեն այդ հանձնաժողովը կամ մարմինն իրավունք ունի մարդկանց դատել», էլ ինչ իրավասություն, ինչ ուզենք կմեկնաբանենք», - ասաց Թաթոյանը։

Թե ե՞րբ է լինելու հանձնաժողովների հաջորդ հանդիպումը, չի հայտարարվել։ Երեկվա տվյալներով՝ Տավուշ-Ղազախ հատվածում արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել, իշխանականների խոսքով՝ աշխատանքների գրեթե կեսից ավելին ավարտվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG