Մատչելիության հղումներ

Պատգամավորը, լրագրողներն ու քաղաքացիները ահազանգում են ոստիկանների բռնությունների մասին


Ապրիլի 26-ի իրադարձությունները, արտապատկերում 24News-ի կայքից
Ապրիլի 26-ի իրադարձությունները, արտապատկերում 24News-ի կայքից

«Ուժով չորս ոստիկանի ուղեկցությամբ տարել են բաժին, մտցրել են բաժին, և հետո, այսինքն՝ էդքանով իմ ազատությունը սահմանափակված եղել է», - հայտարարում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորի բողոքն արդեն ստացել է և ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ նրան բերման ենթարկած ոստիկանների պատասխանատվության հարցը որոշելու համար: Միևնույն ժամանակ, Ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Անձեռնմխելիություն ունեցող պատգամավորը երեկ անձամբ էր դիմել իրավապահներին։

«Իրանք ուղղակի այ սենց կանգնած նայում են, հետո հավանաբար ինչ-որ մեկը զանգել է, անուն են ճշտել և այլն, որ անիմաստ է, որովհետև բոլորը ճանաչում էին և հավանաբար կադրերն էլ, վստահ եմ, կադրերն էլ եք տեսել, որ պատգամավոր ա, և այլն, և այլն, բայց ոչ վարչության պետին էր դա հետաքրքրում, ո՛չ Պարեկային ծառայության ինչ-որ փոխգնդապետի, որը առանձնակի ջանասիրությամբ էր այդ ամեն ինչը փորձում կառավարել», - «Ազատությանը» պատմեց դաշնակցական պատգամավորը:

Անցած շաբաթ Արթուր Խաչատրյանը Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում էր՝ աջակցելու Տավուշում սահմանազատման դեմ փողոցներ փակող քաղաքացիներին։ Պատմեց, որ երբ փորձել է հարց տալ քաղաքացիական հագուստով տարածքում գտնվող ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանին, իրեն բռնի ուժով մտցրել են ավտոմեքենան ու տարել Հրազդանի ոստիկանություն։ Դավթյանը քաղաքացիական հագուստով էր ու առանց ներկայանալու էր հրահանգներ տալիս, դիմումում գրել է ընդդիմադիր պատգամավորը։ Ինքը՝ մարզային վարչության պետը, դեպքից հետո որևէ կերպ չի մեկնաբանել իր գործողությունները, նրա հետ կապ հաստատել «Ազատություն»-ը չի կարողացել։

«Ինքը ասում ա՝ «դու կարող ես երկրի ղեկավարին հարց տալ, բայց ինձ՝ ոստիկանիս»..., որը, ի դեպ, քաղաքացիական համազգեստով էր և չներկայացավ ով ա, հարց տալու իրավունք չունեմ», - նշեց Խաչատրյանը:

Ոչ բերման ենթարկելիս, ոչ էլ ճանապարհին որևէ մեկը չի բացատրել՝ ինչ հիմքով են տանում ոստիկանությունը։ Միակ պատասխանը, որ լսել է ավելի ուշ, ավելի է զայրույթը բորբոքել. - «Իրենք հրաժարվում են ընդունել, որ տեղի է ունեցել բերման ենթարկում: Եթե բերման չեն ենթարկել, ուրեմն ապօրինի են տարել, ուժի իրառումով առևանգել են»:

Ընդդիմադիր պատգամավորը պատմեց, որ իրեն հատուկ սենյակ չեն տարել, մնացել է միջանցքում, այդ ընթացքում մի քանի լրագրողի զանգի է պատասխանել, հետո դուռը բացել են ու դուրս հրավիրել։

«Հետո ժամից ավել փորձում էի ներս մտնել, հանդիպել բաժանմունքի պետի հետ, հա «հիմա հեսա, հիմա հեսա, զեկուցում ենք, հիմա հեսա», վերջապես հանդիպեցի, խոսեցի, «չէ, մենք Ձեզ բերման չենք ենթարկել», - ասաց Արթուր Խաչատրյանը՝ պնդելով. - «Այսօր Հայաստանի Հանրապետությունում ոստիկանները, բարձրաստիճան ոստիկանները իրենց իրավունք են տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, իրենց վեր դասել ՀՀ Սահմանադրությունից»:

Չորրորդ օրն է՝ Ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում պատգամավորի հետ տեղի ունեցածը, այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ քանի որ պատգամավորն ինքն արդեն բողոք է ներկայացրել իրավապահներին, իրենք առայժմ անելիք չունեն։

Վերջին օրերի բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական գործողություններից միայն պատգամավորը չէ դժգոհ։ Քաղաքացիներն ու լրագրողները ևս ահազանգում են բռնությունների մասին։

«Զինված, դիմակավորված անձինք օրը ցերեկով, կապ չունի՝ իմացել են օպերատոր է, թե չեն իմացել, այսինքն՝ քաղաքացիների նկատմամբ էսպիսի ուժի կիրառում ե՞ն իրականացնում, ո՛չ ներկայացել են, ո՛չ իմ օպերատորը որևէ հանցանք էր կատարել, առավել ևս՝ եթե, օրինակ, չեն իմացել ով է, և այլն, և այլն: Էդ դեպքում սա ի՞նչ ապօրինություն է», - ասաց NewDay.am կայքի խմբագիր Անի Գևորգյանը:

Գևորգյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները գետնին գցում օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռքերը շղթայում:

Դատախազությունից փոխանցեցին, որ տեսանյութն ուսումնասիրում են։

Լրագրողը պատմեց, որ գործընկերների հետ Կիրանցից մեկնել էին Իջևան՝ գնումների, երբ ոստիկանական ավտոմեքենան կանգնեցրել էր իրենց, տղամարդկանց դուրս են հանել մեքենայից, օպերատորին էլ տապալել գետնին։

9 լրագրողական կազմակերպություն դատապարտել է ոստիկանների պահվածքը ոչ միայն NewDay.am-ի, այլև Oragir.news-ի լրագրողների նկատմամբ։ Այս վերջին դեպքն էլ Դսեղ գյուղի հատվածում բողոքի ակցիայի ժամանակ է եղել, ոստիկանները գետնին էին գցել ակցիան լուսաբանող լրագրող Անի Ներկարարյանին։

«Ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Այդ ամենը, որպես կանոն, մնում է անպատիժ», - ահազանգում են լրագրողական կազմակերպությունները։

Ներքին գործերի նախարարությունից փոխանցեցին՝ այս դեպքերը ևս ուսումնասիրում են, բայց իրավապահ կառույցները դեռևս չեն մանրամասնում, թե կա՞ն արդյոք բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող ոստիկաններ։ «Ազատություն»-ը հարցում է ուղարկել Քննչական կոմիտե։

Այսօր խորհրդարանի ամբիոնից իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն է արդարացրել ոստիկանների կողմից ուժի կիրառումը, ասել, որ նրանք նաև զենք կարող են կիրառել. - «Մենք տեսնում ենք տեսանյութում, որ ոստիկանները քանի օր խնդրում են, բանակցում են, համոզում են՝ դադարեցնել իրավախախտումները, դադարեցնել խուլիգանական դեպքերը, և այս խնդրանքները անընդհատ հակազդեցության են արժանանում և որևէ արդյունք չեն տալիս, բա ի՞նչ աներ ոստիկանը: [Կարող էր] նաև օրենքով սահմանված դեպքերում իր պարտականությունները և այլոց կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար նաև զենք կիրառել»:

Ոստիկանական գործողություններից այս պահին հայտնի է միայն մեկ դեպք, որով տուժող է ճանաչվել անցած շաբաթ Տավուշում պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Նրան բերման ենթարկելիս վնասվածքներ էին պատճառել. քրեական գործը հարուցված է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման հոդվածով։ Հայտնի է, որ քրեական գործեր կան ցուցարարների նկատմամբ՝ հիմնականում խուլիգանության մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG