Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնել


Կառավարությունը մտադիր է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների ծանուցումն օնլայն դարձնել, որ դրանից խուսափելն անհնար դառնա։

«Փոստի ծառայողը տանում, հասցնում է տուն, այդ ժամին տանը մարդ չի լինում, կամ քաղաքացին երկրում չի լինում, տարբեր պատճառներով, կամ չի ուզում ստանալ, դուռը չի բացում», - ասում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի իշխանական անդամ Արմեն Խաչատրյանը։

Որպեսզի զինկոմի նամակը ուղիղ հասցեատիրոջը հասնի, Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոխել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը և ծանուցումները հրապարակային դարձնել։

Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը։ Իսկ փոփոխությամբ՝ եթե չհաջողվի ուղիղ փոխանցել մարդուն, նրա էլեկտրոնային հասցեով ծանուցումը կուղարկեն։ Եթե այս տարբերակով էլ չներկայանա զինկոմիսարիատ, «Ազդարար» տեղեկատվական կայքում պարզապես կհրապարակեն այդ մարդու անունը, և հինգ օր անց նա կհամարվի պաշտոնապես ծանուցված, նախագիծն այսպես է մեկնաբանում Արմեն Խաչատրյանը։

«Չներկայանալու դեպքում վրա են հասնում այն իրավական հետևանքները, որոնք պետք է վրա հասնեն», - նշեց նա։

Այսինքն՝ պահեստազորայինները «Ազդարար» կայքով պետք է ստուգեն իրենց անունը, երբ սկսվի զորահավաքը։ Եթե չներկայանան զինկոմիսարիատ, գործը իրավապահներին կհասնի։ Վարժական հավաքներից խուսափելը պատժվում է տուգանքով կամ մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ այս պատիժն էլ են նախատեսում խստացնել։ Արմեն Խաչատրյանը չի թաքցնում՝ օրենսդրական այս փոփոխությունները նաև զինվորների պահանջված քանակը ապահովելու նպատակով են, ինչը չի հաջողվում գործող օրենքով՝ հիմա խուսափելը հեշտ է։

«Նման մտահոգություն հայտնեցին նաև ՊՆ մեր գործընկերները, այո, այս պահի դրությամբ խուսափելն այս թղթային տարբերակով ծանուցումները ստանալուց բավականին հեշտ է, և շատերը, ցավոք սրտի, օգտվում են այս տարբերակից», - նկատեց պատգամավորը։

Նախագծի հանրային քննարկումն ավարտվել է դեռևս հունվարին, և թեև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում 96 տոկոսը դեմ է քվեարկել այս փոփոխությանը, այն շրջանառվում է, կառավարությունում է և ըստ պատգամավորի՝ ապրիլին արդեն խորհրդարան կհասնի։

«Ես կողմ եմ ընդհանրապես այս օրենքն ընդունել հրատապ ռեժիմով։ Իրականում ցավալի է, որ այս նախագծի վերաբերյա չորս տոկոս դրական կողմ քվեարկողներ կան, բայց նաև հասկանում եմ, որ դեմ քվեարկողները հաստատ անձնական շահերով են առաջնորդվել», - ասաց Խաչատրյանը։

Վարժական հավաքները 25 օրով են, հերթականը ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվի։

Պաշտպանության ոլորտի բարեփոխումներն անցած շաբաթ քննարկվել են խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում՝ փակ։ Ընդդիմադիր պատգամավորներն էլ են մասնակցել։

«Հնչել են տարբեր տեսակետներ, առաջարկներ, որից հետո կառավարությունը միգուցե այդ առաջարկներից եղածներից որոշները ընդունի և նոր նախագիծ բերի», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։

Ի՞նչ կարծիք ունի ընդդիմությունը ծանուցումները հրապարակային դարձնելու նախագծի վերաբերյալ, Գեղամ Մանուկյանն ասաց՝ ամբողջական փաթեթը քննարկելուց հետո միայն կկարողանան վերջնական կարծիք հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG