Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի հայկական հետքը. ահազանգում են մասնագետները


Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը Ստեփանակերտի Մարտունի փողոցում, արխիվային լուսանկարը՝ Monument watch անկախ խմբի
Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը Ստեփանակերտի Մարտունի փողոցում, արխիվային լուսանկարը՝ Monument watch անկախ խմբի

Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը հիմա էլ ոչնչացնում է Ստեփանակերտի ու մյուս բնակավայրերի հայկական հետքը, ահազանգում են հայ մասնագետները։

Ըստ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument watch անկախ խմբի՝ այս անգամ մայրաքաղաքից ադրբեջանցիներն ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը։

«Չենք հասցնում ամեն մի ոճրագործությանն արձագանքել, որովհետև դա կրում է ուղղակի զանգվածային բնույթ», - ասաց խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Մասնագետներն արձանագրել են՝ ադրբեջանցիները հատկապես հայտնի հայերի հուշարձաններն են ոչնչացնում, ապամոնտաժում։ Դրանց թվում են Ալեքսանդր Մյասնիկյանի, Իվան Իսակովի կիսանդրիները, Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Ստեփան Շահումյանի արձանը։ Եկեղեցիներից խաչերն են հեռացվում։

«Միշտ չէ, որ մենք ունենում ենք այն փաստագրումները, որոնք հնարավոր է համացանցային կերպով հասանելի լինեն կամ արբանյակային լուսանկարներ ունենալ, շատ հուշարձաններ տարբեր վայրերում ոչնչացվում են, և դրանց մասին միշտ չէ, որ մենք ինֆորմացվում ենք», - նշեց Արցախի մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը՝ հավելելով՝ Արցախի պատմական ժառանգության ոչնչացումը նաև միջազգային հետազոտողների ուշադրության կենտրոնում է։

Միացյալ Նահանգների Քորնելի համալսարանում գործող Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնի իրենց գործընկերները պատմական հուշարձանների ոչնչացման բազմաթիվ դեպքեր են փաստագրում։ Վերջինը Շուշիում երկու պատմական գերեզմանների ավերումն է, որտեղ 12-ից 14-րդ դարի խաչքարեր կային։

Ըստ փորձագետի՝ այս դեպքերը փաստում են մեկ բանի մասին՝ Ադրբեջանի վարչակազմը նպատակադրված Արցախում վերացնում է հայկական հետքը. - «Սրանք առանձնացված գործողություններ չեն, այլ մեկ միասնական շղթայի պարզապես տարբեր դրսևորումներ՝ տեղահանությունը, ցեղասպանությունը, ժառանգության ոչնչացումը հետապնդում են մեկ նպատակ, իսկ հիմա էլ արդեն տարածքի հայկականության հետքերի ոչնչացումը մեկ նպատակ՝ հայկական հետքի վերացում, էթնիկ զտում և ազգի վերաստեղծման կասեցում»։

«Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները անկախ ամեն ինչից, անկախ խաղաղության, չգիտեմ, ընթացքից՝ ի վերջո պարտավոր են ավելի խիստ ձայնով խոսել, ինչ-որ մի բան հայտարարել, որ դա բացարձակապես ընդունելի չէ», - հավելեց Համլետ Պետրոսյանը։

Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG